Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը
29.05.2014 | 13:23

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն ու տեղակայումը: Գործադիրը հաշվի է առել ծրագրի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից և ակնկալում է, որ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել օդային գծի կառուցումը, ինչը հնարավորություն կստեղծի փոխանցել ավելի մեծ հզորություն, էապես բարելավել էներգահամակարգի հուսալիությունը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ